Թափոնների վերամշակմամբ զբաղվողները դժգոհում են՝ ոլորտին բավարար ուշադրություն չի դարձվում
Տնտեսություն
17:48 17/05/2025
Հայաստան

Թափոնների վերամշակմամբ զբաղվողները դժգոհում են՝ ոլորտին բավարար ուշադրություն չի դարձվում

Թափոնների վերամշակմամբ զբաղվողները դժգոհում են՝ ոլորտին  բավարար ուշադրություն չի դարձվում։ Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի վերամշակողների միության նախագահ Վահան Ղարիբյանը։

Նրա խոսքով՝ կան խնդիրներ, որոնք հնարավոր է լուծել օրենսդրական կամ ենթաօրենսդրական կարգավորումներով։ Այս մասին տարիներ շարունակ խոսվում է , սակայն ինչպես ասում են՝ սայլը տեղից չի շարժվում։

« Օրինակ՝  օրենքով սահմված արտոնությունների մասին ենք  խոսում, խնդիրը հասցնում ենք տեղ, որ պետք է լուծում ստանա, նորից  հապաղում է։ Այսօր մենք հարկվում ենք, նույն ձև, ինչպես  օրինակ՝ հասարակ ներմուծողները կամ առևտրային կազմակերպությունները, ու նույն շահութահարկով, չկա ոչ մի արտոնություն։ Թափոնների մասին օրենքում կա հատուկ դրույթ, որը ենթադրում է, որ  կարող ենք օգտվել արտոնություններից, սակայն դիմում ենք, խնդրում ենք՝ մեզ տրամադրել արտոնություն, ասում են՝ օրենքը չի  սահմանում արտոնություն։ Օրենքը կա, սակայն ենթաօրենսդրական կետերով չի հստակեցվել, թե ում է արտոնությունը վերաբերում»,- ասաց նա։

Մեր հարցին,թե որքանո՞վ է եկամտաբեր թափոնների  վերամշակումը Հայաստանի պայմաններում, Ղարիբյանն ասաց․

«Գերխնդիրը, որ ունեն  թափոն մշակողները, հումքի պակասն է։ Խնդիրը հումքը մեկ տեղում ունենալն է։ Եթե մեկ տեղից կարողնում ես շատ հումք վերցնել, ապա շահույթ կունենաս։ Բայց կան թափոնի տեսակներ, որոնցից հնարավոր չէ օգուտներ ստանալ։ Օրինակ՝ կան պլաստինի տեսակներ, որոնք պահանջարկ ունեն, բայց պետության ընդունած օրենքների արդյունքում առաջնային հումքը ավելի շատ  ձեռնտու է ներմուծել, քան մշակված երկրորդային հումք վերցնել տեղի շուկայից։ Այսինքն, ընդհանուր առմամբ,   հետևողական չեն այսօրինակ հարցերին։ Մեկ օրինակ էլ բերեմ՝ այսօր Հայաստանում մեծ քանակի էլեկտրական մեքենաներ են  ներմուծում։ Սա արդեն հուշում է, որ  առաջիկայում   մեծ թափոնների մեծ  քանակ է կուտակվելու՝ էլեկտրական մարտկոցների տեսքով, կամ արևային համակարգի համար բերված վահանակները 10-20 տարի հետո թափոն են դառնում, ի՞նչ է լինելու այդ թափոնների հետ, ո՞վ է կրելու թափոնի առաջացման համար պատասխանատվություն։ Այս հարցերը չեն կարգավորվում»։

Ի թիվս այլ հարցերի  Ղարիբյանի դիտարկմամբ՝  կան նաև  վարչարարության հետ կապված խնդիրներ՝ ով, որտեղ պատահի աղբ է թափում։

«Կան տարածքներ, որտեղ աղբն ուղղակի տանում են թափում  առանց հաշվի առնելու՝ դա այդ թափոնի համար նախատեսված վա՞յր է, թե՝ ոչ։ Օրինակ՝ շինարարական աղբի համար նախատեսված վայր է, թե ոչ։ Այսինքն՝ վարչարարական խնդիրներ կան, համակարգված չէ։ Մեր հանրությունն էլ սիրում է, որ իրեն պարտադրում են ինչ-որ մի բան։ Տուգանում են, նոր հասկանում է, որ դա չի կարելի անել։ Մեծամասամբ ինքնակամ  չեն հասկանում կամ էլ՝  չեն ուզում, պետք է պարտադրել»,- ասաց Ղարիբյանը։

Նրա խոսքով՝ այս խնդիրների հետևանքով այսօր ունենք աղտոտված գետեր ու շրջակա միջավյար։

Ինչ վերաբերում է Երևանում տեղադրված տեսակավորման աղբամաններին, ապա Վերամշակողների միության նախագհի խոսքով՝  մեծ գումարներ են ծախսվում  տեսակավորման համար նախատեսված ամաններ ձեռք բերելու համար։ Նրա դիտարկմամբ, թեև Երևանում հետզհետե ավելանում են այն քաղաքացիների թիվը, որոնք սկսում են տեսակավորել աղբը, սակայն  այն դեռևս շատ չնչին տոկոս է կազմում։

«Ահռելի գումարներ են ծախսվում թափոնամաններ ձեռք բերելու համար։ Ասում են՝ ծախսերի  70 %-ը սուբսիդավորվում է , թեև վստահ եմ, որ  90 %-ով է սուբսիդավորվում, որովհետև  տեսակավորված թափոնը եթե վերածենք  արժեքի,ապա շատ քիչ գումար է կազմում։ Բացի այդ, 5 ձևի աղբաման են դնում ընդհանուր աղբամանների կողքը, չգիտեմ, ինչքանո՞վ է նպատակահարմար։ Միջազգային փորձը ցույց է տալիս, որ  հնարավոր է կրճատել տեսակավորման համար տեղադրվող աղբամանների քանակը, ինչը և՛ տարածքի , և՛ միջոցների խնայողության հարց է լուծում»,- ասաց նա։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Թափոնների վերամշակմամբ զբաղվողները դժգոհում են՝ ոլորտին բավարար ուշադրություն չի դարձվում